Հավելյալ արժեք

Մենք քաջ գիտակցում ենք, որ ձեր ռեսուրսները՝ լինի այն ձեր ժամանակը, ջանքերը, թե դրամական միջոցները նվիրաբերելու որոշում կայացնելիս՝ առանցքային նշանակություն ունի այն, թե որքանով եք վստահում այն կազմակերպությանը կամ անձանց խմբին, ովքեր ստանձնելու են ձեր ռեսուրսների տնօրինման գործը։

Ահա՛ թե ինչու կարող եք վստահել մեզ
  • Մենք մեր հովանու ներքո միավորում ենք տարբեր ոլորտների, ինչպես օրինակ՝ իրավագիտության, մարդու իրավունքների, քաղաքագիտության, բիզնես կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կայացած և տարբեր օտար լեզուների տիրապետող մասնագետների, ովքեր հանձնառություն են ստանձնել իրենց միջազգային ասպարեզում ձեռքբերած փորձը, հասարակական և հանրային հատվածների վերաբերյալ գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի զարգացմանը։
  • Մենք թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս ունենք անհրաժեշտ կադրերի ցանցն ու ռեսուրսները։ Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում, ազգությամբ հայ եք, թե հայ ժողովրդի բարեկամ՝ մենք կգտնենք ձեզ հետ համագործակցելու հնարավոր ուղիներ։ Մենք կապահովենք ձեր տեսլականին համապատասխան արդյունքներ՝ այդ ամենն իրականացնելով ամենաարդյունավետ, ամենամատչելի եղանակներով և խնայողաբար՝ առանց ձեր կողմից նվիրաբերված ռեսուրսների անհարկի ծախսերի։
  • Մենք տեղում ենք։ Մեզանից շատերն ուսանել և աշխատել են արտերկրում, և այնուհետև վերադարձել Հայաստան՝ իրենց հետ հայրենիք բերելով արտերկրում ձեռքբերած փորձն ու հմտությունները։ Հայաստանում մեր կազմակերպության անդամներն աշխատանքային գործունեություն են ծավալում ամենատարբեր բնագավառներում և ունեն տեղի իրականության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներն ու հստակ պատկերացում, թե ինչ առաջնային կարիքներ կան և ինչ քայլեր են անհրաժեշտ՝ առկա խնդիրները կարգավորելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել և ուղղորդել մեր համախոհ հայրենակիցներին ու մեր աջակիցներին՝ նախաձեռնությունները ճիշտ և թիրախային ձևով սահմանելու, ամենից կարիքավորներին վերհանելու և, ի վերջո, միասին անելու այն, ինչ պետք է արվի։
  • Հիմք ընդունելով մեր նախկինում ծավալած գործունեությունը և ծրագրերի իրականացման ոլորտում փորձառությունը՝ մենք ունենք նմանատիպ խնդիրներ ու նպատակներ հետապնդող բազմաթիվ գործընկեր կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցելու լայն հնարավորություններ։ Ավելի խոշոր, երկարաժամկետ և նշանակալի ծրագրերի պարագայում ըստ անհրաժեշտության կարող ենք նաև գործի դնել հասարակական և կամավորական ռեսուրսների ներուժը՝ դպրոցների, համալսարանների, մասնագիտական կազմակերպությունների, հանրային կառույցների և միջազգային դոնոր աղբյուրների միջոցով։ Մենք պատրաստ ենք սարեր շրջել՝ գտնելու այն ուղիները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին ուղղված ձեր աջակցությունն իր նշանակետին հասցնելու և կյանքի կոչելու համար։

Եթե ոչ այժմ, ապա ե՞րբ։ Եթե ոչ մենք, ապա ո՞վ․․․