Պատմական ակնարկ

«Դու Հայաստանին» ՀԿ-ն թեև երիտասարդ կազմակերպություն է, սակայն բավականին խորն ու հաստատուն արմատներ ունի։ Այն վերաստեղծվել է նախկին «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության հիման վրա, որը հիմնադրվել էր դեռևս 1994 թվականին Հայաստանի՝ Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի մի խումբ շրջանավարտների կողմից։ Սկզբնական շրջանում YFA-ը ծառայումը էր որպես ընդհանուր նպատակների և կարճաժամկետ բարեգործական նախաձեռնությունների շուրջ երիտասարդներին միավորող հարթակ, սակայն այն շուտով թևակոխեց որակապես նոր փուլ՝ վերածվելով կրթության, համայնքային զարգացման ու ժողովրդավարության ոլորտներում ազդեցիկ և կայուն ծրագրեր իրականացնող բավականին մեծ կազմակերպության։

YFA-ի բոլոր նախաձեռնությունների ակունքում կանգնած էին երիտասարդներ, ովքեր քաջ գիտակցում էին, թե ինչպիսի տարաբնույթ խնդիրներ կան ծառացած նորանկախ Հայաստանի առջև, համոզված էին, որ ունեն դրական փոփոխություններ բերելու ներուժ և վճռական էին՝ այդ բարեփոխումները կյանքի կոչելու գործում։ Ծրագրերի մեծ մասն ուղղված էին համայնքային և ինստիտուցիոնալ խնդիրներին, քանի որ հենց այդ խնդիրներն էին ընկած կայուն զարգացման հիմքում։ Միաժամանակ, ծրագրերում առավելապես ներգրավված էր երիտասարդ սերունդը՝ որպես բարեփոխումների գործընթացի ամենահզոր շարժիչ ուժ։

Իր քսան տարիների գործունեության ընթացքում նախկին YFA-ը սերտ գործընկերային հարաբերություններ է հաստատել թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս գործող բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Այս գործընկերային հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել բազմաթիվ ծրագրերում, որոնք իրականացվել են դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև խոցելի խմբերի մասնակցությամբ։ Իրականացված ծրագրերի թիրախում մշտապես եղել են ամենից խոցելի համայնքները՝ բոլորին ընձեռելով մասնակցության հավասար հնարավորություններ։